.

.

Մեկնարկեցին ՀՊՏՀ գիտաուսումնական խմբերի աշխատանքները

ՀՊՏՀ նիստերի սրահում սեպտեմբերի 5-ին կայացավ հանդիպում, որով տրվեց գիտաուսումնական խմբերի աշխատանքների մեկնարկը:

ՀՊՏՀ գիտաուսումնական խմբերը` հերթական աշխատանքային քննարկմանը

Հոկտեմբերի 20-ին ՀՊՏՀ նիստերի սրահում տեղի ունեցավ ՀՊՏՀ գիտաուսումնական խմբերի հերթական աշխատանքային քննարկումը՝ նվիրված խմբերի կայք-էջերին:

Գիտաուսումնական խմբի հերթական աշխատանքային հանդիպումը

Ս.թ. նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ «Ֆինանսական ծառայությունների հասանելիության արդի հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաուսումնական խմբի հերթական աշխատանքային հանդիպումը:

Գիտաուսումնական խմբի առաջին գիտական սեմինարը

Դեկտեմբերի 12-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նիստերի սրահում «Ֆինանսական ծառայությունների հասանելիություն» գիտաուսումնական խումբն անցկացրեց իր առաջին գիտական սեմինարը...

Համառոտ տեղեկատվություն

Ֆինանսական ծառայությունների հասանելիության հիմնախնդրի ուսումնասիրության արդիականությունը պայմանավորված է հարափոփոխ աշխարհում բնակչության պահանջմունքներին...

Գիտաուսումնական խմբի առաջին գիտական սեմինարը

Դեկտեմբերի 12-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նիստերի սրահում «Ֆինանսական ծառայությունների հասանելիություն» գիտաուսումնական խումբն անցկացրեց իր առաջին գիտական սեմինարը, որի շրջանակներում խումբը ներկայացրեց իր առաջին միջանկյալ հաշվետվությունը: Սեմինարին մասնակցում էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, գիտաուսումնական մյուս խմբերի ղեկավարները և մասնակիցները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ: Ներկաներին ողջունեց պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը՝ նշելով, որ այս տարի մեկնարկած գիտաուսումնական խմբերի նախագիծը մեծ ներուժ ունի և Հայաստանում աննախադեպ է, դրա հիմնական նպատակներից է մագիստրանտների ներգրավումը գիտահետազոտական աշխատանքներին: Պրոռեկտորն ընդգծեց, որ բուհի ղեկավարության կողմից կարևորվում են հետազոտական աշխատանքները, քանի որ դրանք նպաստում են որակյալ կադրերի պատրաստմանը: Անդրադառնալով նշված խմբին՝ Գագիկ Վարդանյանն ասաց, որ 2014-2015թթ. գիտաուսումնական խմբերի մեջ այս խումբը միակ միջազգային խումբն է:






Խմբի ղեկավար, ՀՊՏՀ գիտության բաժնի պետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Խորեն Մխիթարյանը ներկայացրեց խմբի կազմը, հիմնական առաքելությունը՝ անդրադառնալով գիտաուսումնական խմբի կողմից կատարված աշխատանքներին և առաջիկա ծրագրերին:





Այնուհետև Խորեն Մխիթարյանը և խմբի մասնակից ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աղավնի Հակոբյանը լուսապատկերի միջոցով ներկայացրեցին խմբի կողմից կատարված աշխատանքի առանցքային դրույթները, այդ թվում՝ ելակետային հետազոտության ակնկալվող արդյունքները՝ ուղղված Հայաստանի Հանրապետության ֆինանսաբանկային հաստատությունների ծառայությունների հասանելիության գնահատմանը, հասանելիությանը խոչընդոտող պատճառների և խնդիրների վերհանմանը, վերջիններիս վերացմանն ուղղված առաջարկությունների մշակմանը, ֆինանսական ծառայությունների կապուղիների արդյունավետության գնահատմանը, ֆինանսական հասանելիության միջոցով ՓՄՁ-ի զարգացման հնարավորությունների գնահատմանը, ինչպես նաև առևտրային բանկերի մասնաճյուղային ցանցի արդյունավետ տեղաբաշխման առաջարկությունների մշակմանը:




Ամփոփ ներկայացվեցին ֆինանսական համակարգը բնութագրող հիմնական ցուցանիշների դինամիկան 2004-2014 թվականների ընթացքում, այդ թվում՝ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների, դրանց մասնաճյուղային ցանցի, ներդրումային, ապահովագրական ընկերությունների, գրավատների, արտարժույթի առք ու վաճառքի կետերի, դրամական փոխանցումներ իրականացնող ընկերությունների գործունեության քանակական ցուցանիշներ: Ներկայացված տվյալները վկայում էին այն մասին, որ հաշվետու ժամանակահատվածում դիտվել է թե′ առևտրային բանկերի, և թե′ վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի թվաքանակի շեշտակի աճ: Այսպես՝ 2004 թվականի համեմատությամբ 2013 թվականին առևտրային բանկերի մասնաճյուղերի թիվն ավելացել է 115-ով, իսկ 2008 թվականի համեմատ՝ 242-ով: Նույն ժամանակահատվածում աննախադեպ աճ են արձանագրել նաև վարկային կազմակերպությունները, որոնց մասնաճյուղերի թիվը 2004 թվականի համեմատ աճել է 39-ով, իսկ 2013 թվականին բազիսային ժամանակահատվածի համեմատ՝ 101-ով:



Խումբը ներկայացրեց նաև վճարահաշվարկային հարաբերությունները բնութագրող ցուցանիշների դինամիկան՝ նշելով ԱԳՄ-ների, POS-տերմինալների, շրջանառության մեջ քարտերի և դրանցով իրականացվող գործառնությունների զգալի աճի մասին վկայող միտումների մասին: Դիտարկվեցին նաև Հայաստանի Հանրապետության մարզերում ֆինանսական ծառայությունների հասանելիությանն և օգտագործմանն առնչվող տվյալները: Բանախոսները ներկաների ուշադրությունը հրավիրեցին առևտրային բանկերի մասնաճյուղերի մարզային անհամաչափ բաշխվածության վրա: Այսպես, 2014 թվականի դրությամբ ՀՀ-ում գործող առևտրային 21 բանկերի 492 մասնաճյուղերից 224-ը գործում են ք.Երևանում, 42-ը՝ Կոտայքի մարզում, 41-ը՝ Լոռիում, իսկ ամենաքիչ թվով մասնաճյուղերը՝ Վայոց Ձորում, որտեղ դրանց թիվը կազմում է ընդամենը 11-ը:



Խմբի անդամները հատուկ ընդգծեցին, որ հետազոտության շրջանակներում կարևորվում են ոչ միայն ֆինանսական ծառայությունների հասանելիության, այլև՝ դրանց օգտագործման հիմնահարցերը, ինչպես նաև փորձ է արվելու վեր հանել ֆինանսական հասանելիությանը խոչընդոտող հանգամանքները և պատճառները: Խումբը իր հետազոտությունների տիրույթում դիտարկում է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական ծառայությունների հասանելիությանն առնչվող հիմնահարցերը, այլև դրանց զարգացման առկա մակարդակը և զարգացման հեռանկարները Եվրոպական Միության, ինչպես նաև Եվրասիական Տնտեսական Միության անդամ-երկրներում: 


Բանախոսները ներկայացրեցին նաև հետագա ուսումնասիրման ենթակա թիրախային ոլորտները՝ ընդգծելով ֆինանսական ծառայությունների հասանելիության գնահատման նպատակով իրավաբանական և ֆիզիկական անձանց շրջանում համապատասխան հարցում անցկացնելու մտադրության մասին: 


Այնուհետ գիտաուսումնական խմբում ընդգրկված ՀՊՏՀ մագիստրանտներ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մահմուդ Ալդելան, Ռանիմ Ալզաինը և Շադի Ջենդին հաջորդաբար հանդես եկան զեկուցումներով՝ ներկայացնելով Սիրիայի Արաբական Հանրապետության ֆինանսական շուկայի ընդհանուր բնութագիրը՝ պատերազմից առաջ և հետո, պատերազմի ազդեցությունն ու հետևանքները Սիրիայի ֆինանսական համակարգի վրա և ֆինանսական ծառայությունների հասանելիության որոշ ասպեկտներ՝ հիմնականում պետական և մասնավոր բանկերի օրինակով: Սեմինարի ավարտին ծավալվեց քննարկում, մասնավորապես հարցադրումներով հանդես եկան գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, Տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ Վարդան Սարգսյանը, ՏԿ և ՄՏՀ դեկան Ատոմ Մարգարյանը և ուրիշներ: Հիշեցնենք, որ գիտաուսումնական խմբի հաջորդ գիտական սեմինարը տեղի կունենա 2015 թվականի մարտի 9-ին:




«Ֆինանսական ծառայությունների հասանելիություն» գիտաուսումնական խմբի սեմինարների անցկացման ժամանակացույց



ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ՝ 12.12.2014թ.



ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ՝ 09.03.2015թ. 



ՇՆՈՐՀԱՆԴԵՍ` 08.06.2015թ.

ԳՈւԽ-ի առաջին գիտական սեմինարը

Սույն թվականի դեկտեմբերի 12-ին ՀՊՏՀ նիստերի սրահում տեղի կունենա «Ֆինանսական ծառայությունների հասանելիություն» գիտաուսումնական խմբի առաջին գիտական սեմինարը: Սեմինարի շրջանակներում խմբի ղեկավար, ՀՊՏՀ գիտության բաժնի պետ տնտեսագիտության թեկնածու դոցենտ Խորեն Մխիթարյանը, խմբի մասնակիցներ՝ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աղավնի Հակոբյանը, ՀՊՏՀ «Գործարար կառավարում» մասնագիտության մագիստրոսներ Ռանիմ Ալզաինը, Մահմուդ Ալդելան և Շադի Ջենդին կներկայացնեն խմբի առաջին միջանկյալ հաշվետվությունը: