Գիտաուսումնական խումբը ձևավորվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2014-15 թվականների Գիտաուսումնական խմբերի դրամաշնորհայն մրցույթի շրջանակներում` «Ֆինանսական ծառայությունների հասանելիության արդի հիմնահարցերը ՀՀ-ում» թեմայի հետազոտման նպատակով: Խմբի առանձնահատկությունը հետազոտական աշխատանքներում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Գործարար կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի ավարտական կուրսում ուսումնառող օտարերկրյա երեք մագիստրոսների ընդրկումն է, ովքեր ուսանում են Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջկառավարական համաձայնագրի շրջանակներում: Գիտաուսումնական խումբն ակնկալում է հետազոտության արդյունքները ներկայացնել եռալեզու ձևաչափով:
ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ ԵՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Ֆինանսական ծառայությունների հասանելիության հիմնախնդրի ուսումնասիրության արդիականությունը պայմանավորված է հարափոփոխ աշխարհում բնակչության պահանջմունքներին համարժեքորեն և արդյունավետորեն արձագանքելու ֆինանսաբանկային համակարգի ներուժի գնահատման, առկա հիմնահարցերի բացահայտման, դրանց լուծման ուղիների և գերակայությունների ընտրության անհրաժեշտությամբ: Ֆինանսական ծառայությունների հասանելիությունը երկրի ֆինանսաբանկային համակարգի զարգացման կարևոր ցուցիչներից է, որն արտացոլում է ֆինանսական հասանելիության ինստիտուցիոնալ առաջնահերթությունները, ինչպես նաև առևտրային բանկերի մասնաճյուղային ցանցի արդյունավետ տեղաբաշխման հնարավորությունները: Ֆինանսական ծառայությունների հասանելիությունն աղքատության դեմ պայքարի առանցքային տարրերից է և ներառական տնտեսական զարգացման կարևորագույն նպատակներից: Ֆինանսական հասանելիության հավաստի տվյալներն առանցքային նշանակություն ունեն պետության մակրոտնտեսական քաղաքականության մշակման և ֆինանսական քաղաքականության արդյունավետության գնահատման համար: Ֆինանսական հասանելիության գնահատումն իրականացվում է ֆինանսական ծառայությունների հասանելիութան, ֆինանսական ծառայությունների օգտագործման, ֆինանսական արդյունքների և ծառայությունների որակի ցուցանիշներով:
Ֆինանսական ծառայությունների հասանելիության վերլուծությունն արդիական է ոչ միայն զարգացած, այլև զարգացող երկրների համար: Ֆինանսական հասանելիության խնդիրն արդիական է նաև Հայաստանի Հանրապետության համար՝ հաշվի առնելով տնտեսության և հանրության համար վերջինիս դրական էֆեկտները, Հայաստանի Հանրապետության ֆինանսաբանկային համակարգի զարգացման արդի միտումները և մասնաճյուղային ցանցերի ընդլայնման առկա դինամիկան: Ֆինանսական ծառայությունների հասանելիության ընդլայնումը կարևորագույն մարտահրավեր է, որն անհնար է առանց պետության դրամավարկային քաղաքականության գործիքակազմի արդյունավետ օգտագործման:
Գիտաուսումնական խմբի առաքելությունը առևտրային բանկերի մասնաճյուղային ցանցերի զարգացման և դրանց ծառայությունների հասանելիության գնահատման տեսամեթոդական և գիտագործնական հիմնահարցերի վերլուծությունն է:
Գիտաուսումնական խմբի առաքելությունը առևտրային բանկերի մասնաճյուղային ցանցերի զարգացման և դրանց ծառայությունների հասանելիության գնահատման տեսամեթոդական և գիտագործնական հիմնահարցերի վերլուծությունն է:


